Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին բախվում է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացվելու փորձերին՝ գրում է Euronews-ը։ Ֆոն դեր Լայենին ներկայացված անվստահության միանգամից երկու քվեի քննարկումն ու քվեարկությունը Եվրախորհրդարանը կանցկացնի հոկտեմբերի 6-9-ը կայանալիք լիագումար նիստում: Քննարկումը կսկսվի երկուշաբթի, իսկ քվեարկությունը՝ հինգշաբթի:
Եվրահանձնաժողովի նախագահի նկատմամբ անվստահության քվե են ներկայացրել «Եվրոպայի հայրենասերներ» և «Ձախեր» կուսակցությունները։
Թեև, ըստ վերլուծաբանների, ծայրահեղ ձախերի և ծայրահեղ աջերի նախաձեռնած առաջարկները դատապարտված են ձախողման, այնուամենայնիվ, դրանք նոր մարտահրավեր են Ֆոն դեր Լայենի պաշտոնավարման ու ղեկավարման ոճին։
Երկու հայտերին միավորում է բացասական արձագանքը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին և եվրոպացի արտահանողներին պարտադրված խիստ անբարենպաստ պայմաններին։ Խիստ քննադատության է ենթարկվել նաև Բրյուսելի խոստումը՝ 750 միլիարդ եվրո ծախսել ամերիկյան էներգակիրներ գնելու համար և 600 միլիարդ եվրո ներդնել ամերիկյան շուկայում։
Վերջերս անցկացված հարցման արդյունքում հարցվածների 52%-ը համաձայնագիրն անվանել է Եվրոպայի համար նվաստացուցիչ։
Ֆոն դեր Լայենն ընդունել է, որ համաձայնագիրը «անկատար» է, բայց նաև պնդել է, որ այն բավականաչափ «ամուր» է առևտրային ճգնաժամին դիմակայելու համար։