ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 6-ի հերթական նիստում:
Հայտարարության տեքստը՝ այստեղ:
Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ հայտարարության վերաբերյալ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ: Նա նշել է, որ լսումների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ միանում է նախաձեռնված գործընթացին:
Հայկ Մամիջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ հայտարարության նախագծի տեքստի վերաբերյալ:
Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով իր դիտարկումները, նշել է, որ ժամանակավրեպ են թե՛ հայտարարությունը, թե՛ նախաձեռնված գործընթացը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ քննարկմանը ներկայացված ԱԺ հայտարարության նախագծին:
Հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները` ներկայացնելով իրենց դիտարկումները: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին և ելույթներին: Նա կոչ է արել դեմ քվեարկել հայտարարության նախագծին:
Եզրափակիչ ելույթում Հայկ Մամիջանյանը ևս անդրադարձել է ելույթներին ու դիտարկումներին:
Քվեարկությամբ հանձնաժողովը հայտարարության նախագծին տվել է բացասական եզրակացություն: