Հանքարդյունաբերության ոլորտի մեծագույն խնդիրներից մեկը ոլորտի իմիջն է: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Այդ մասին Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է խոստովանել, որ հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված, և մենք դրա պատճառները պետք է հասկանանք։ Չնայած այս ընթացքում մենք որոշակիորեն պատճառները հասկացել ենք, որովհետև ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել, և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք։ Եվ մենք աշխատում ենք այս խնդրի վրա»,- ասաց նա։
Այս համատեքստում Փաշինյանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը մասնաբաժին ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունեն Ամուլսարի հանքում։ Նա նաև հիշեցրեց, որ 2018-2025 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ պետական բյուջե կատարած վճարումների ծավալը նախորդ 7 տարիների համեմատությամբ ավելացել է շուրջ 148 տոկոսով։
«Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելացնում է պետական բյուջեի եկամուտները, սա շատ կարևոր է մարդկանց մոտ այն գիտակցումը կենդանացնելու և սերմանելու համար, որ ընդերքը ժողովրդինն է, և ժողովուրդն ու պետությունը դրանից ավելի մեծ օգուտներ են ստանում։ Ի վերջո, այդ վճարումները դառնում են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, անվտանգություն և այսպես շարունակ։ Ես այս հանգամանքը շատ կարևոր եմ համարում»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ 2018 թվականից քննարկվում է Հայաստանի հանքարդյունաբերության համապատասխանությունը լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտներին, ինչը խնդիր է համարում:
«Չեմ կարող ասել, որ մենք այս ուղղությամբ ոչինչ չենք արել, բայց նաև հաստատված ավանդույթները կամ մշակույթը փոխելը հեշտ գործ չէ։ Մենք սա պետք է հասկանանք, բայց մյուս կողմից՝ պետք է նաև առերեսվենք այն խնդրի հետ, որ սա առաջնահերթություն է, որովհետև շրջակա միջավայրի նկատմամբ հոգսը շատ էական է մանավանդ հիմա, մանավանդ այս շրջանում, մանավանդ սիմվոլիկ առումով, երբ մյուս տարի Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության COP17 համաշխարհային համաժողովը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ֆորումի օրակարգում կընդգրկվեն նաև այս հարցերը: