Գործադիրը որոշում է կայացրել, որը բխում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ ամբողջական էլեկտրոնային համակարգ ունենալու անհրաժեշտությունից։ Առաջարկվում է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի 1235 «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի 31001 «Միասնական թվային միջավայրի ձևավորում» միջոցառման համար հաստատված գումարից ծախսեր նախատեսել նույն ծրագրի ներքո (ԲԳԿ՝ ԲՏԱՆ), ԿԳՄՍ նախարարությունը որպես միջոցառման կատարող (ԲՍԿ)՝ ծախսը նախատեսելով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով:
Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից արդեն իսկ կազմակերպվել է գնման գործընթաց «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան և հայտերի բացումը նախատեսվել էր 2025 թվականի սեպտեմբերի 16-ին, որի արդյունքում պարզ է դարձել, որ հայտ է ներկայացրել մեկ մասնակից՝ «Լանս» ՍՊԸ, որին էլ և հանձնաժողովը ճանաչել է որպես ընտրված մասնակից, որի առաջարկած գինը 369,750․0 հազար դրամ է, ներառյալ ԱԱՀ: ԿԶԱՊԿ/ԿԱՊԿ գնահատման և արձանագրման, ԱՈՒՊ և ԱՈՒԶՊ ձևավորման և ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի նոր ենթահամակարգերը միանալով դպրոցական մակարդակի ԿԱՊԿ՝ արդեն գոյություն ունեցող գնահատման արձանագրման տեղեկատվական էլեկտրոնային համակարգին՝ կձևավորեն մեկ միասնական տեղեկատվական համակարգ, որը կծառայի որպես կառավարման գործիք ԿԱՊԿ/ԿԶԱՊԿ ունեցող երեխաներին ծառայություն մատուցող բոլոր օղակների դերակատարների ու որոշումներ կայացնողների համար։
Համակարգը կնպաստի մեկ միասնական համակարգում տվյալների պահպանմանը, գործընթացների համակարգմանը, ստանդարտացմանը, վերահսկողությանը և կառավարմանը, տեղեկատվության արագ փոխանակմանը։ Միաժամանակ համակարգը հնարավորություն կընձեռի երեխաներին վերաբերող առցանց լրացված տվյալներն անմիջապես հասանելի դարձնել նաև ծնողներին՝ հեշտացնելով երեխաների առաջընթացի հսկողությունը և անհատական ուսուցման պլանի ընթացքի գնահատումը։ Առաջարկվող համակարգը լինելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մի մաս և նման համակարգի առկայությունը կնպաստի վարչարարության նվազման, ժամանակի խնայողության և ավելի թափանցիկ ու հաշվետվողական գործընթացի առկայությանը: