Մենք 12 տոկոս սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 20 տոկոսի, և առավելագույն թիվը՝ մինչև 10 հազար դրամի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կենսաթոշակների և նպաստների բարձրացմանն ուղղված նոր նախաձեռնությանը, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության հաստատմանը:
«Եթե հաշվարկենք, օրինակ, 50 հազար դրամ կենսաթոշակի վրա, ապա քաղաքացին կարող է 50 հազարը դարձնել 60 հազար իր իսկ ձեռքով՝ կատարելով անկանխիկ առևտուր իր իսկ կարիքները հոգալու համար»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ այս նախաձեռնությունը կարևոր գործիք է ստվերային տնտեսության դեմ պայքարելու համար, քանի որ շատ են բողոքները, որ ՀԴՄ կտրոններ չեն տպվում, որից էլ վճարվում են կենսաթոշակները:
«Հետևաբար որոշումը շատ պարզ է, երբ կարգավորումները կլինեն, և Կառավարության նիստով կընդունվի, ևս մեկ անգամ վերջնական դրա մասին կասենք: Բայց քաղաքական որոշումն ընդունված է»,- ասաց նա՝ հավելելով, որ 2026 թվականի հունվարի 1-ից է այն գործելու:
Ինչ վերաբերում է գյուղական համայնքներում քարտով առևտուր անելու հետ կապված խնդիրներին, ապա նախարարը նախ հիշեցրեց, որ այս պահին մենք ունենք 350 հազար կենսաթոշակառու, որ օգտվում է ծրագրից, ապա հավելեց.
«Այո՛, կարող են լինել փոքր համայնքներ, որտեղ հնարավոր է՝ չլինեն հնարավորություններ անկանխիկ առևտրի, բայց դրանք շատ փոքրաթիվ են: Մնացած բոլոր տեղերում այդ հնարավորությունը կա:
Մենք սրանով նաև խթանում ենք, որ մեր ազգաբնակչությունն ինքը խթանի, որ լինեն անկանխիկ առևտրի կետեր, պոստերմինալներ: Սա պետություն-քաղաքացի երկկողմանի շահավետ ծրագիր է, որովհետև մեր քաղաքացիները նույնպես պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հարկեր վճարվեն պետական բյուջե, որովհետև իրենց կենսաթոշակները և նպաստները վճարվում են հարկային եկամուտներից, որոնք գնում են պետական բյուջե: Սա հաղթանակ-հաղթանակ տարբերակ է, մենք չենք վարանում սրա մասին հիշեցնել, բացատրել, և ընդհանրապես մեր՝ հարկեր վճարելու կարգապահությունը փորձում ենք սրանով ուղղել»:
Հիշեցնենք, որ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը նոր կարգավորման մասին խոսել է նաև երեկ՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, տեղեկացնելով, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայվելու են դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն սահմանվելու է 20 տոկոս, որը միջինում բարձրացնելու է կենսաթոշակները 3000-3500 դրամի սահմաններում: