Այսօր գործող հետվճարի համակարգը ոչ միայն թույլ է տալիս կենսաթոշակառուներին ու նպաստառուներին իրենց իսկ ձեռքով բարձրացնել իրենց թոշակն ու նպաստը, այլև նպաստում է ստվերի վերացմանը ՀՀ-ում, ինչն էլ գեներացնում է հավելյալ հարկեր, որից էլ վճարվում են այդ կենսաթոշակներն ու հարկերը: Այդ մասին հոկտեմբերի 1-ի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ գործող Կառավարությունը նորարարական գործիքներ է կիրառում կենսաթոշակների բարձրացմանը հասնելու համար:
«Մենք 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը մոտավորապես միջինում բարձրացնելու է կենսաթոշակները 3000-3500 դրամի սահմաններում: Միջին հետվճարը 12 տոկոսի պայմաններում մոտ 4000-4100 դրամ է, և քաղաքացիները, որոնք ստանում են նպաստ ու կենսաթոշակ, կարող են կրկին, ինքնուրույն կատարելով անկանխիկ առևտուր, բարձրացնել իրենց կենսաթոշակներն ու նպաստները:
Կարծում եմ՝ այս նորարարական գործիքները պետք է ավելի համարձակ և ակտիվ կիրառենք, որպեսզի միանգամից մի քանի նպատակի հասնենք: Սա շատ կարևոր ձեռքբերում է լինելու 2026-ին մեր պետության համար, մեր բոլոր կենսաթոշակառուների և նպաստառուների համար:
Առիթն օգտագործելով՝ ուզում եմ բոլորին կոչ անել (հատկապես նրանց, ովքեր իրենց կենսաթոշակը և նպաստը ստանալիս գնում միանգամից կանխիկացնում են գումարը՝ կանխիկ առևտուր անելով) դա չանել, այլ իրականացնել անկանխիկ առևտուր, և դրանով իսկ կենսաթոշակի բարձրացման հարցը պահել սեփական ձեռքերում»,- ասաց նախարարը: