Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը չի արդարացվի. Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել նրան մեղավոր ճանաչելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը:
Վճիռն ուժի մեջ է մտել, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին Հարությունյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարին Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5.5 տարվա ազատազրկման:
Նա մեղավոր էր ճանաչվել ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանքներ` Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել էր, իսկ մեկ զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է: