2021-2026 թվականների Կառավարության ծրագրով մենք հանձնառություն էինք ստանձնել իրականացնելու օրենսդրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրում կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը: Ներկայացված մի շարք օրենքների նախագծերի կոնսոլիդացված փաթեթով հիմնարար լուծումներ են առաջարկվում մեր երկրում կիբեռպաշտպանության, կիբեռանվտանգության կարողությունները բարձրացնելու ուղղությամբ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 30-ի ԱԺ նիստում: Նա առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Խոսելով կիբեռանվտանգության ապահովման ոլորտում նախատեսվող կարգավորումներից՝ նախարարն ընդգծել է, որ թե՛ պետական կառավարման համակարգում և թե՛ մասնավոր հատվածում կներդվեն միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ: Զեկուցողը համոզմունք է հայտնել, որ ռազմավարական նշանակություն ունեցող մեր ենթակառուցվածքները պետք է պատշաճ պաշտպանվեն կիբեռհարձակումներից: Մխիթար Հայրապետյանի խոսքով վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով Ազգային ժողովին առաջարկվում է ստեղծել նոր՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման մարմին, որը կլինի ինքնավար ու ապաքաղաքականացված, կկանխի կիբեռհարձակումները: Կառույցը կազմված է լինելու 5 անդամից՝ նախագահ և 4 անդամ: Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին կնշանակի խորհրդարանը:
Նախարարի կարծիքով ինստիտուցիոնալ մակարդակում կանխարգելիչ գործողություններ չիրականացնելու պարագայում լրջագույն ռիսկեր են ստեղծվում ամբողջ տնտեսության համար: «Եթե 5 տարի առաջ գլոբալ տնտեսությանը հասցվել է շուրջ 1 տրիլիոն դոլարի վնաս կիբեռհարձակումների հետևանքով, ապա այդ տեմպերն ամեն օր ավելանում են»,- բարձրաձայնել է նախարարը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջարկվող օրենսդրական կարգավորումներին, մեր երկրում քաղաքացիական ենթակառուցվածքների կիբեռհարձակումներից պաշտպանությանը, մեդիագրագիտության բարձրացմանը և այլն:
Նախարարի խոսքով պետությունը նաև կրթության մեջ ներդրումներ կատարելու հանձնառություն ունի՝ բարձրացնելու հասարակության շրջանում կիբեռգրագիտությունը:
Նախաձեռնության վերաբերյալ քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 1-ի ԱԺ նիստում:
Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: