Ինձ թվում էր՝ մեր ընդդիմությունը ինչ-որ պահի կհոգնի մարդկանց խոր անասունի տեղ դնել, բայց ակնհայտորեն դա չի ստացվում, և ընդդիմությունը շարունակում է մտածել, որ Հայաստանի քաղաքացիները խոր անասուն են, ու բաց է թողնում, չգիտես ինչու, այն փաստը, որ իրականում ՀՀ քաղաքացիները բավականին իմաստուն են:
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ իր ելույթում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Նրա խոսքով՝ առնվազն այնքան իմաստուն են, որ կարողանում են մեկին գումարել մեկ, ու նայել դահլիճի ընդդիմադիր հատվածին, որոնք տարել ու Գյումրիում քաղաքապետ են կարգել Վարդանիկին (Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան - խմբ.):
«Վարդանիկը այս նախագծի բացատրությունը տվել է, սիրելի՛ գործընկերներ: Նա իդեալական բացատրել է, թե ինչի համար է այս նախագիծը:
Այդ մարդը կանգնել-ասել է՝ ով դեմ է Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելուն, ինքը թրքահպատակ շան տղա է: Հիմա ես եմ այդ հարցադրումը ձեզ դնում, հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ: Նա ձե՛ր Վարդանիկն է, ձեր բերածն է»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Նա կոչ արեց ընդդիմությանը այսօր՝ մինչև 17.00-ն պատասխանել հետևյալ հարցին՝ դուք Միութենական պետության կողմնակի՞ց եք, թե՞ ոչ: