Կիրակի առավոտյան ԱՄՆ Միչիգան նահանգի մորմոնների կառույցում տեղի են ունեցել կրակոցներ, որից հետո շենքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է BBC-ն։
Տեղի ոստիկանապետը լրագրողներին հայտնել է, որ կասկածյալը մեքենայով բախվել է Գրանդ Բլանում գտնվող «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» դռանը, որտեղ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել։ Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից և անկանոն կրակել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործն է հրկիզել եկեղեցին։ Նա մոտակա Բարթոն քաղաքի 40-ամյա բնակիչ է՝ Իրաքի պատերազմի վետերան։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը սպանել է հարձակվողին, ասել է ոստիկանապետը։
Հարձակման հետևանքով զոհվել է չորս անձ, ևս ութը վիրավորվել են, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ տեղի ունեցած ողբերգությունը երկրում «քրիստոնյաների դեմ ևս մեկ նպատակային հարձակում» էր։