Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին, որը հետաքննել է Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը 2016 թվականի ԱՄՆ ընտրությանը, մեղադրանք է առաջադրվել կեղծ ցուցմունքներ տալու և արդարադատությունը խոչընդոտելու համար։ Այդ մասին հաղորդել է ABC News-ը։
Վիրջինիայի Արևելյան շրջանի ԱՄՆ դատախազությունը Քոմիին մեղադրել է 2020 թվականին ԱՄՆ Սենատի դատական հանձնաժողովին խաբելու համար: Ելույթ ունենալով նիստում՝ Քոմին իբր կեղծ ցուցմունքներ է տվել Դոնալդ Թրամփի քարոզարշավի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի հարցով ՀԴԲ-ի իրականացրած հետաքննության մասին։ Մեղադրանքների մանրամասները չեն հաղորդվել, սակայն նախկին պաշտոնյային սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Քոմին պնդել է իր անմեղությունը և ակնարկել, որ իր դեմ մեղադրանքներն ԱՄՆ նախագահի կողմից քաղաքական վրեժխնդրության ակտ են:
ՀԴԲ-ի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել Վիրջինիայի դատախազությունում վերադասավորումներից ընդամենը մի քանի օր անց: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից հեռացրել էր դաշնային դատախազ Էրիկ Սիբերտին, որը, ըստ աղբյուրների, հիմքեր չէր գտել Սենատում Քոմիի ելույթի պատճառով նրա դեմ գործ հարուցելու համար: Սիբերտի փոխարեն Թրամփն այդ պաշտոնում նշանակել է իր աջակից Լինդսի Հալիգանին՝ Սպիտակ տան օգնականին, ու իր նախկին փաստաբանին:
ABC News-ը հաղորդել է, որ Հալիգանը դատախազի աշխատանքի փորձ չունի։ Սակայն Թրամփը մի քանի օր առաջ բացահայտ խոստովանել էր, որ նրան դատախազ է նշանակում հատուկ Քոմիի գործը «տեղից շարժելու» համար։ ԱՄՆ նախագահը Քոմիին կոռումպացված է անվանել՝ պնդելով, որ նա «շատ երկար ժամանակ վնաս է հասցրել երկրին» և «հանցագործություններ է կատարել ազգի դեմ»։