Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պանելային ելույթ-զրույց է ունեցել Կոնկորդիա համաժողովի շրջանակներում։
Պանելային ձևաչափով Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի, մեր տարածաշրջանի և ընդհանուր իրադրության ու մարտահրավերների մասին։
Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված փաստաթղթի կարևորությանը՝ այն համարելով տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ արվող նշանակալի քայլ։ Նա ընդգծել է, որ գործընթացը կարևոր է նաև միջազգային գործընկերների ներգրավվածության ու աջակցության համատեքստում։
Հանրապետության նախագահը խոսել է նաև հայ-ամերիկյան համագործակցության հուշագրերի մասին, որոնք վերաբերում են արհեստական բանականության ոլորտին, ենթակառուցվածքային ներդրումներին և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նախագահը շեշտել է, որ այս նախաձեռնությունները նոր հեռանկարներ են բացում ոչ միայն Հայաստանի տնտեսության համար, այլև ամրապնդում են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հիմքերը։ Հանրապետության նախագահը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, որը միտված է տարածաշրջանում երկարատև կայունության և գործընկերության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը:
Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը նպատակ ունի զարգացնել նորարարական էկոհամակարգը, խթանել ստարտափների աճը և ընդլայնել համագործակցությունը միջազգային առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ։ Նա ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումը ոչ միայն կնպաստի երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, այլև կդարձնի Հայաստանն ավելի գրավիչ հարթակ միջազգային ներդրողների և գործընկերների համար։
Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին COP17 համաժողովի անցկացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները կարևոր հնարավորություն են Հայաստանի համար՝ ամրապնդելու միջազգային համագործակցությունը և ներկայացնելու մեր երկրի ներդրումը գլոբալ գործընթացներում։