2015-2019 թթ. ընթացքում ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման բնագավառում լիցենզիա է տրամադրվել շուրջ 10.000 ֆիզիկական անձի: Նշված ժամանակահատվածում վերոնշյալ գործունեությունն իրականացնող ավելի քան 5000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1,3 մլրդ դրամ դրամ, որից տուրքը՝ 900 մլն դրամից ավելի, իսկ տույժը՝ 400 մլն դրամի չափով:
«Պետական տուրքի և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանել է, որ այսօրվա թվային համակարգերը թույլ են տալիս վերահսկողության ավելի լավ մեխանիզմ ստեղծել, և ֆիզիկական անձն այլևս պետք չէ, որ որևէ տեղ այցելի կամ որևէ փաստաթուղթ լրացնի և գումար փոխանցի՝ որպես պետական տուրք կամ հարկ: Այս ամենն էլեկտրոնային ձևով կամ ՊԵԿ-ի ստեղծած հարթակի կողմից է իրականացվում: Վերոնշյալով պայմանավորված էլ նախագծով առաջարկվում է 2015-2019թթ. պետական տուրքի պարտավորությունների համար գոյացած ապառքը համաներել:
Նշվել է, որ այժմ որպես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ գործում են շուրջ 76 լիցենզիա և 967 ներդիր ունեցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր: Ֆիզիկական անձանց մասով թիվը 2400-ի կարգի է:
Նշվել է, որ օրենքի նախագծով ԴԱՀԿ-ում գտնվող բոլոր գործերը նախատեսվում է կարճել: Կատարողական վարույթների շրջանակում ծախսերի վճարման պարտականությունից ևս ազատում է նախատեսվում: