Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին մինչև 2.5 տոկոսի չափով պետական հանրակրթական դպրոցներին, բուհերին և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին տրված նվիրատվությունները նվազեցնել իրենց համախառն եկամտից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը և լրացումները:
Նրա տեղեկացմամբ՝ նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:
Նվիրատվությունները կարող են լինել և՛ դրամական, և՛ գույքային տեսքով: Նշվել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերի, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը: Դա որոշակիորեն կբավարարի նշված կրթական հաստատությունների դրամական պահանջները, մյուս կողմից կստեղծի կրթություն-բիզնես ամուր կապերի հիմք` ապահովելով կադրերի պատրաստման և հետազոտությունների իրականացման ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 24-ի հերթական նիստում: