«Դա (Ուկրաինայի պայքարը-խմբ․) իսկապես հիասքանչ է»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման մեկնարկից առաջ։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «այս պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ գործադրած ջանքերի» համար։
«Ես պարոն Թրամփին և նրա թիմին կպատմեմ, թե ինչ է կատարվում ռազմաճակատում։ Իհարկե, կխոսենք նաև պատերազմի ավարտի, անվտանգության երաշխիքների մասին։ Քննարկելու շատ հարցեր կան»,-ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ երկրների ղեկավարները կքննարկեն, թե ինչպես կարելի է հասնել նրան, որ «որոշ եվրոպական երկրներ դադարեցնեն ռուսական գազի և նավթի գնումները»։
Թրամփն իր հերթին նշել է, որ կարծում է՝ ՆԱՏՕ-ի երկրները կարող են խոցել ռուսական ինքնաթիռները, եթե դրանք մուտք գործեն իրենց օդային տարածք։ Իսկ «արդյո՞ք նա դեռ վստահում է Վլադիմիր Պուտինին» հարցին ի պատասխան՝ Թրամփն ասել է․ «Դրա մասին կխոսեմ մոտ մեկ ամսից»։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է․ «Ամենամեծ առաջընթացն այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը հիմա սարսափելի վիճակում է։ Ինչպես գիտեք՝ այն փլուզվում է։ Եվ, անկեղծ ասած, Ուկրաինան շատ լավ է կարողանում դիմակայել այդ հսկայական բանակին»։