Բաքվի դատարանում գերեվարված Արցախի նախկին ղեկավարների միջնորդությունը՝ Հայաստանի վարչապետին ու արտգործնախարարին հարցաքննելու մասին աններելի հարված է մեր պետականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում
գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Սա ոչ թե անձնական վրեժխնդրություն է, այլ պետականության արժանապատվության ոտնահարում, իրավական աբսուրդ և ազգային դավաճանություն։
Նրանք արդեն մեկ անգամ դրսևորել են թշնամանք՝ մերժելով Հայաստանի վարչապետի ուղարկած ուղղաթիռով Հայաստան վերադառնալու հնարավորությունը՝ իրենց ճակատագիրը կապելով ռուսական «պաշտպանության» պատրանքին։ Այսօր այդ նույն թշնամանքը շարունակվում է․ Բաքվի դատարանի միջանցքով նրանք փորձում են խարխլել Հայաստանի պետականության ինստիտուցիոնալ հիմքերը։
Այս քայլով նրանք ոչ միայն օրինականացնում են Ադրբեջանի դատարանի իրավասությունը, այլև ստորացնում են Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը։ Նույնիսկ ամենանենգ թշնամու հետ նման բան չի կարելի անել․ սա ազգային պատվի վաճառք է։
Գերության մեջ էլ կարելի է պահպանել արժանապատվությունը, բայց երբեք թույլ չտալ պետականության նկատմամբ դավաճանություն և դառնալ թշնամու գործիք։ Սա քաղաքական, իրավական, բարոյական և ազգային մակարդակներով անթույլատրելի քայլ է, որից հետո խոսք չկա՝ մնում է միայն համաժողորդական դատապարտումն ու պարսավանքը»,-նշել է նա: