Եթե ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, ՉՎՍՏԱՀԵ՛Ք: Այս մասին իրազեկում է ՆԳՆ-ն:
«Իրականում այդ «աշխատակիցները» իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը:
Արդյունքում մուտք գործելով ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես ձեր հաշվում առկա, այնպես էլ ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը:
Հիշեք՝
-
բանկային ընկերության աշխատակիցները հեռախոսազանգերը կատարում են հայերեն լեզվով,
-
զանգահարում են առանց որևէ հավելվածի օգնության,
-
երբեք որևէ հավելվածի միջոցով չեն ուղարկում հղում,
-
չեն պահանջում ուղարկված հղումով մուտքագրել ձեր հաշվի մուտքանունը և գաղտնաբառը,
-
չեն պահանջում տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը»,- ասվում է հաղորդագրությունում: