Ռուսաստանը հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով շուրջ 500 անօդաչու թռչող սարք և 20-ից ավելի թևավոր ու բալիստիկ հրթիռ։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Դնեպրոպետրովսկի մարզում հրդեհներ են բռնկվել, քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։
Թիրախում են հայտնվել նաև Կիևի արվարձանները: Տուժել են բնակելի շինություններ, արդյունաբերական ենթակառուցվածքներ, հրդեհվել են մեքենաներ: Օդեսայում հրդեհ է բռնկվել գյուղատնտեսական պահեստում և բնակելի կառույցներում: Խմելնիցկիի մարզում էլ հայտնի է մեկ զոհի մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել է հարվածների մասին: Ըստ գերատեսչության՝ ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել Ռոստովի, Սարատովի, Բրյանսկի, Սամարայի, Վորոնեժի և այլ մարզերում, ինչպես նաև՝ Ղրիմում:
Չնայած փոխադարձ հարվածներին՝ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է և ջանքեր է գործադրում հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու ուղղությամբ: Դմիտրի Պեսկովն այդպես է մեկնաբանել Վլադիմիր Պուտինից հիասթափվելու մասին Դոնալդ Թրամփի խոսքերը:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը համաձայն է պատերազմը դադարեցնելու դիվանագիտական բոլոր առաջարկներին, մինչդեռ Մոսկվան չի արձագանքում ԱՄՆ նախագահի՝ խաղաղության կոչերին։