Հայաստանի սնուցող մայրերը և նրանց թիկունքում լուռ, խոհուն ու մռայլ կանգնած նահապետ հայրերն էին, որ մեզ պարտադրեցին վերցնել թուղթը և գրիչը, ձևակերպել քաղաքական խոսույթ ու գաղափարախոսություն դարձնել իրենց ասածը, և որ կարևոր է՝ իրենց լռածը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» 7-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի սնուցող մայրերի ասածի և նրանց թիկունքում խոհուն ու մռայլ կանգնած նահապետ հայրերի լռածի քաղաքական հայեցակարգային ձևակերպումն է, և սա խաղաղության մեր պատմության հաջորդ կարևորագույն հատվածն է։
«Այս պատմության համար, կուսակցական սիրելի ընկերներ, թույլ տվեք իմ և բոլորիդ անունից խոնարհվել Հայաստանի մայրերի և նրանց թիկունքում կանգնած հայրերի և ընդհանրապես Հայաստանի ժողովրդի առաջ, ընդ որում՝ այսօր Հայաստանի ժողովուրդ ասելով՝ հավասարապես նկատի ունեմ Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր, ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության, չներքաշվեցին հակահայաստանյան հակապետական օրակարգերի մեջ։
Այսօր, այո՛, այդ թվում՝ մեր աջակցությամբ, փախստականի իրենց կարգավիճակը պիտի փոխարինեն Հայաստանի հպարտ քաղաքացիությամբ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ։ ՀՀ ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրն է, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժը ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը, Հայաստանի Հանրապետության նոր դարաշրջանը, և ուրեմն՝ մեր խոնարհումը Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- ասաց վարչապետը։