«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կանանց դերի մասին, նշեց՝ բարեբախտաբար, նրանց շրջանում տարածված չեն այսպես կոչված գողական բարքերը՝ ընկերության, համարձակության, արժանապատվության մասին՝ եղկելիության աստիճանի կեղծ պատկերացումները:
Նրա խոսքով՝ դրանց ապավինելով՝ մեր շատ երիտասարդներ, ցավոք, այսօր թաղերում, փողոցներում, բակերում համայնքներում կոտորում են իրար, ասենք՝ «ի՞նչ կա, ինչի՞ ես տենց նայում» փնթի խոսույթի ներքո։
«Տասնյակ սպանություններ են տեղի ունենում այս փնթի խոսույթի ներքո, այդ կեղծ, իբր արժանապատվության, իբր ընկերասիրության, բայց թույլ տվեք ասել, որ այսպես վարվում են վախկոտները։
Այս նույն կատեգորիան է, որ տասնյակներով, չասեմ ավելին, փախել է մարտի դաշտերից՝ ներքին հույս փայփայելով, թե Հայաստանը կդարձնեն մերձգողական մարտերի մարտադաշտ։
Գիտե՞ք՝ ինչով է ավելի հարմար Հայաստանը այդպիսի մարտադաշտ դարձնելը․ որովհետև քուչայական այդ մարտերից փախչելը ոչ միայն ամոթալի չէ, այլև ամենաընդունելի գործելակարգն ու արարողակարգն է։ Փախածների և փախնողների գաղափարաբանություն է սերմանվել և սերմանվում մեր երիտասարդների շրջանում։
Ես այդ կատեգորիան տեսել եմ ու նրանց հետ շփվել եմ Կոշի և մյուս գաղութներում։ Այդ կատեգորիաների գաղափարաբանությունը Հայաստանից արմատախիլ անելը համարում եմ կարևորագույն քաղաքական առաքելություն, մեր քաղաքական առաքելությունը և իմ քաղաքական առաքելությունը»,- ասաց նա։
Վերադառնալով 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ իրենք քաղաքական պայքարի մեջ են մտել ստանդարտ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով:
«Բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում լսեցինք ժողովրդի խոսնակներին, գերդաստանների մայրերին։ Հենց նրանց շնորհիվ հաղթեցինք 2021 թվականի ընտրություններում, բայց նրանք նաև հարստացրին մեր քաղաքական միտքը, նոր քաղաքական ուժ և հայացք տվեցին մեզ և պարտադրեցին փոխել մեր ռազմավարությունը և ընկալումները։
Դա, իհարկե, մի օրում կամ նույնիսկ մի տարում տեղի չունեցավ, դա տեղի ունեցավ երկար՝ երեք երկարուձիգ տարիների ընթացքում, այդ տարիների մտորումների, առերեսումների հայեցման արդյունքում է, որ ծնվեց «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը կենարար և խաղաղարար դարձավ Հայաստանի Հանրապետության համար։
Այդ գաղափարախոսությունն է հնարավոր դարձրել խաղաղությունը, որը մենք այսօր ունենք, սիրելի գործընկերներ։
Խաղաղությունը, իհարկե, երկկողմանի գործընթաց է, և այս խոսույթով ես պատմում եմ խաղաղության մեր պատմությունը, ներկայացնում եմ խաղաղության մեր ճանապարհը, պատմության մեր բաժինը, թե Հայաստանի կառավարող մեծամասնությունը ինչպես, ինչ ճանապարհով հասավ այս կետին»,- ասաց վարչապետը։