Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2025 թվականի 10-րդ նիստը, որը նախագահում էր ռեկտոր Մանուկ Մուրադյանը։
Կրթահամալիրից հայտնում են, որ օրակարգային առաջին հարցի քննարկման արդյունքում հաստատվել է ոստիկանական ուսումնական ստորաբաժանման կողմից ներկայացված ՀՀ ՆԳ նախարարի անվանական կրթաթոշակի 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի հավակնորդների թեկնածությունը: Արդյունքում՝ գերազանց առաջադիմություն ունեցող հինգ սովորող կստանա անվանական կրթաթոշակ:
Օրակարգային հաջորդող երեք հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը հաստատեց ոստիկանական ուսումնական ստորաբաժանման արհեստագործական կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.03.4 «Համայնքային ոստիկան» որակավորման՝
-հիմնական կրթական ծրագրի ուսումնական պլանը,
-հիմնական կրթական ծրագրով պետական ամփոփիչ ստուգման (ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակելու նպատակով ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացի ամփոփիչ համալիր քննության) կարգը,
-հիմնական կրթական ծրագրով ուսուցման (ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակելու նպատակով ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացի) ընթացքում դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգը, որի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված «Համայնքային ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի մեկանգամյա չափորոշիչը:
Գիտական խորհրդում քննարկվել են նաև անբավարար առաջադիմության կամ այլ պատճառներով ուսումնառությունն ընդհատած սովորողների՝ համապատասխան կուրսերում վերականգնելու հարցը, և որոշվել է նախկին սովորողներից չորսին վերականգնելու համար միջնորդել Կրթահամալիրի ռեկտորին: