Հուլիսի 10-ին տեղի է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում էր ռեկտորի ընտրության հարցը։
Նշենք, որ դեռևս հունիսի 2-ից 20-ը հայտարարված էր ռեկտորի ընտրության բաց մրցույթ, որին դիմել էին 3 թեկնածու։ Նիստին մասնակցել և կրթահամալիրի զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ իրենց հայեցակարգային մոտեցումներով են կիսվել Մանուկ Մուրադյանն ու Լիաննա Խաչատրյանը։
Թեկնածուներից Կարինա Խիզանյանը չի ներկայացել։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդի անդամները տարաբնույթ հարցեր են ուղղել թեկնածուներին՝ կրթահամալիրի արդիականացման և զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների, կառավարչական փորձի, կրթական ծրագրերի իրագործման ու նորարարական նախաձեռնությունների մասին։
Թեկնածուների ելույթներից հետո կայացել է փակ, գաղտնի քվեարկություն։ Քվեարկության արդյունքներով 12 կողմ ձայնով ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մանուկ Մուրադյանը։