Սեպտեմբերի 17-18-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների համաժողովը, որի ընթացքում քննարկվել են անդրսահմանային համագործակցության, փոխադարձ իրավական օգնության և անդրազգային հանցավորության դեմ պայքարում թվային գործիքների կիրառմանն առնչվող հարցեր։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Համաժողովի առանցքում եղել է Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիային կից երրորդ արձանագրությունը (Վալետտայի արձանագրություն), որը բացվել է ստորագրման համար:
Նոր արձանագրությունը ուղղված է փոխօգնության ընթացակարգերի արդիականացմանը, նոր տեսակի հարցումների նախատեսմանը և անդրադառնում է թվային գործիքներին` փոխօգնությունը դարձնելով ավելի արագ, արդյունավետ՝ միևնույն ժամանակ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ արձանագրությունը կարևոր առաջընթաց է անդրսահմանային համագործակցության ամրապնդման և նոր աստիճանի բարձրացման համար՝ նշելով, որ Արդարադատության նախարարությունը ներկայումս քննարկում է արձանագրությանը միանալու հնարավորությունները:
Տիգրան Դադունցը իր ելույթի ընթացքում խոսել է նաև Հայաստանում վերջին տարիներին իրականացված արդարադատության ոլորտի բարեփոխումների, այդ թվում՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» նոր շրջանակային օրենքի ընդունման, քրեադատավարական օրենսդրության արդիականացման, ինչպես նաև դատավարական գործընթացների թվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:
Ընդգծվել է, որ օրենսդրորեն արդեն ներդրվել են տեխնիկական միջոցների կիրառմամբ քննչական գործողությունների իրականացման, տեսակապի միջոցով վկաների հարցաքննության և դատական նիստերին մասնակցության հնարավորությունները, ինչը էական նշանակություն կարող է ունենալ նաև իրավական փոխօգնության նոր մակարդակի անցնելու հարցում:
Համաժողովին մասնակցել է նաև Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Նելլի Ավետիսյանը: