Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային կարգապահության ծրագրերի ակտիվացման, ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի լավարկման, արհեստական բանականության գործիքների կիրառման, ինչպես նաև հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված և պլանավորվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հարկային եկամուտների կատարողական ցուցանիշներին, ՊԵԿ-ի թվային հետախուզության լաբորատորիայի լայնամասշտաբ կիրառման ձեռքբերումներին, ինչպես նաև մաքսային վարչարարության բարեփոխումների վերջին զարգացումներին, այդ թվում՝ արտահանման 24/7 ռեժիմի կիրառման, ապրանքների ինքնաշխատ բացթողնման ռեժիմի ներդրման, ռիսկերի կառավարման համակարգի վերանայման ուղղությամբ իրականացված քայլերին։
ՊԵԿ նախագահը կարևորել է ԱՄՀ-ի հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool – TADAT) շրջանակում ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատումը՝ այն դիտարկելով որպես կարևոր քայլ հարկային վարչարարության բարեփոխումների գործընթացում։
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունը և իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված ՀՀ հարկային և մաքսային համակարգերի զարգացմանն ու վարչարարության արդյունավետության բարձրացմանը։