Դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել շատ ամիսներ առաջ, երբ հորիզոնում ընդհանրապես տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն էլ չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մուտքի և ելքի անձնագրային կնիքների վրայից Արարատի պատկերը հանելու որոշմանը: Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ որոշումը եղել է Թուրքիայի՞ պահանջով, քանի որ այն կայացվել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի՝ ՀՀ այցից հետո:
«Ընդհանրապես Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել: Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ Թուրքիայի հերթական սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին: Ես ընդամենը 2 օր առաջ տեղի ունեցած համաժողովի ժամանակ ասել եմ, որ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը,- ասաց Փաշինյանը և պարզաբանեց.- Երբ դուք փողոցն անցնում եք, անցումով եք անցնո՞ւմ, թե՞ ոչ անցումով: Իսկ երբ անցումով եք անցնում, դրա պատճառն այն է, որ փողոցով երթևեկող բեռնատարի կամ ոչ բեռնատարի վարո՞րդն է ձեզ սպառնացել կամ վախեցրել, թե՞ անցումով անցնում եք, որովհետև ուզում եք ապրել կանոններով ու կանոնավոր:
Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի միջազգային պատասխանատու գործընկեր և ապրի միջազգային ընդունված կանոններով: Մենք ՀՀ-ն առաջնորդում ենք այդ տրամաբանությամբ և լեգիտիմության ռազմավարությամբ:
Ուրիշ բան էլ եմ ուզում ասել. եթե մինչև 2004 թվականին այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի բացակայությունը: Եվ եթե 2004-ին այդ դրոշմը հայտնվել է, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի հայտնվելը: Ո՞րն է նախկինում այդպիսի դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունը և ենթատեքստը: Ո՞րն է դրոշմի հայտնելու քաղաքական նշանակությունը և ենթատեքստը: Ի՞նչ էր տեղի ունեցել 2004-ին, այդ ի՞նչ խնդիր էին ուզում լուծել այդ նորամուծությունը լուծող պաշտոնյաները: Գուցե լեգիտիմության խնդի՞ր էին լուծում, այդ թվում՝ նման ձևերով:
Լեգիտիմությունը շատ կարևոր բան է, այդ թվում՝ ներքաղաքական լեգիտիմությունը... Պարզ ասեմ, որ երբ դու կոնկրետ պետության, երկրի Սահմանադրությամբ սահմանված իշխանության տիրոջ կողմից ընտրված չես, քեզ պետք է լեգիտիմության նոր աղբյուրներ գտնել, մի տեղ սարի նկար կպցնել, մի տեղ ուրիշ նկար կպցնել, մի տեղ ընկալումները և պատասխանատվությունը տարածել Հայաստանից դուրս, որպեսզի այդ փաստը, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն չկա, հնարավորինս լղոզես»:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ «ոչ հեռավոր առաջիկայում» կխոսի այն մոդելի մասին, որի շրջանակում այդ որոշումը կայացվել է:
«Այդ քայլերը, որ մենք իրականացնում ենք, իրականացնում եք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ուժեղացնելու համար: Մենք դա անում ենք ՀՀ-ն առավելագույնս պատասխանատու միջազգային հանրության, միջազգային անդամ դարձնելու համար»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սա արվում է ՀՀ բնականոն կյանքն ապահովելու համար՝ որպես պետություն, այդ թվում՝ միջազգային տարածված ստանդարտի մեջ տեղավորվելու համար:
Փաշինյանը պարզաբանեց նաև հարցը, թե ինչ պատկեր է նախատեսվում տեղադրել դրոշմի վրա:
«Եթե հանկարծ պարզվի, որ մենք ուզում ենք դրոշմի վրա ինչ-որ բան արտահայտել, այդ արտահայտվածը պետք է միանշանակ կապված լինի ՀՀ-ի (եթե տեղի մասին է խոսքը)՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ, որը քննարկելի է: Եթե հանկարծ պարզվի՝ նման անհրաժեշտություն կա: Այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց նա: