Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի նիստում քննարկում է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Այն ներկայացրել է պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդումն ամբողջ տարվա ընթացքում կատարվածն ամփոփելու հնարավորություն է, և այն չի փոխարինում այդ տարվա ընթացքում արված հրապարակումներին:
«Կառույցը բարձրագույն հաշվեքննիչ մարմինների գործունեության միջազգային լավագույն փորձին համահունչ կարևորում է արդյունավետությանը միտված հաշվեքննությունների իրականացումը և 2024 թվականին հաստատել է հաշվեքննության հերթական եռամյա առաջնահերթությունները, որտեղ ներկայացված են 2025-2027 թվականների հաշվեքննությունների հիմնական ուղղությունները»,- ընդգծել է զեկուցողը և հավելել, որ դրանք են՝ մարդուն մատչելի, հասանելի, որակյալ և դիմակայուն առողջապահություն, մարդուն մատչելի և որակյալ ցկյանս կրթություն, մարդուն շրջապատող մաքուր և անվտանգ միջավայր, մարդուն մատչելի և արդյունավետ արդարադատություն, արտահանմանը միտված գիտահեն և մրցակցային տնտեսության զարգացում, պետական ֆինանսների և սեփականության կառավարման ինստիտուտների զարգացում և ներդաշնակ զարգացող համայնքներ:
Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականի արդյունքներով իրականացվել է 42 հաշվեքննություն: Պալատի նախագահը նշել է, որ կառույցի` 2025 թվականին ավարտվող ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված և 2024 թվականին ավարտման ենթակա միջոցառումները գործնականում ամբողջությամբ կատարվել են: Ներկայումս քննարկվում է առաջիկա ռազմավարական ծրագրի նախագիծը:
Զեկուցողն ընդգծել է, որ 2024 թվականին Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեից օգտագործել է շուրջ 1 մլրդ 49 մլն դրամ:
Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում արտաքին պետական հաշվեքննության բնագավառում տեղի ունեցած զարգացումներին՝ Ատոմ Ջանջուղազյանը փաստել է, որ ամենանշանակալի իրադարձությունը «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նոր խմբագրմամբ ընդունումն է:
Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանում է պատգամավորների հարցերին: