Եկեք մի պահ մտովի հետ գնանք 1999 թվական: Ենթադրենք, այդ ժամանակ Աննա Գրիգորյանը պատգամավոր է, և պատկերացնենք, որ կանխարգելվել է Նաիրի Հունանյանի ահաբեկչությունը: Եվ Աննա Գրիգորյանը գալիս է, ասում է՝ բայց չի գյուլլել, չէ՞, գյուլլելու գործընթաց չի եղել, կասեր՝ Նաիրի Հունանյանն էլ քաղբանտարկյալ է: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն դիտարկմանը, թե Բագրատ Սրբազանի և ընդդիմադիր նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանի մասնակցությամբ ձայնագրությունների շրջանակում որևէ սցենար չի քննարկվում իշխանություն վերցնելու մասին, որն ուղղորդվում է «գյուլլելով», և որ քննարկման ժամանակ գործածված «գյուլլել» բառը կապ չունի իշխանափոխության գործընթացի հետ:
«Պրոբելը ձեր գիտե՞ք՝ որն է: Պրոբլեմն այն է, որ չի հաջողվել այդ ահաբեկչությունը: Պրոբլեմն այն է, որ 1999 թվի ահաբեկչությունը հաջողվել է, դրա համար չեք ասում՝ Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է, իսկ սա չի հաջողվել, դրա համար ասում եք՝ իրենք քաղբանտարկյալ են: Բայց ձեր վարչապետի նախկին թեկնածուն ասում էր՝ Նաիրի Հունանյանենք մի խումբ ռոմանտիկներ են: Հիմա էլ ձեր ահաբեկչական խմբավորման աջակից կամ, չգիտեմ, ներգրավված մարդկանցից մեկն էլ ասում է՝ դա պիտի լինի լուսավորչական դիկտատուրա՝ ռոմիանտիզմից լուսավորչական դիկտատուրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Կալանավորվել է նաև «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանը: Նրա մեղադրանքը ևս առնչվում է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: