Կառավարության՝ սեպտեմբերի 11-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է 19 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորել:
Նախարարը ներկայացրեց ըստ մարզերի գումարի բաշխվածությունը: Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզին գումար կտրամադրվի 2 ծրագրի իրականացման համար, Արարատի մարզին՝ 4 ծրագրի, Արմավիրի մարզին՝ 7, Լոռու մարզին՝ 2, Կոտայքի մարզին՝ 5, Շիրակի մարզին՝ 1, Սյունիքի մարզին՝ 3, Տավուշի մարզին՝ 2 ծրագրի համար:
«Միաժամանակ կուզեմ ավելացնել, որ չզեկուցվող հարցերով՝ մասնակցային բյուջետավորման հետ կապված, վերաբաշխում ենք անում 917,2 մլն դրամ: Առաջարկվում է մասնակցային բյուջետավորման շրջանակում ֆինանսավորել 35 ծրագիր»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ծրագրերի ուղղվածությունը, որոնց մասով գումար է հատկացվում. դրանք վերաբերում են շենքերի մուտքերի վերանորոգմանը, փողոցների ասֆալտապատմանը, ճանապարհների վերանորոգմանը, փողոցային լույսերի անցկացմանը, ջրահեռացման ցանցի, ջրամատակարարման համակարգի կառուցմանը, ոռոգման ջրագծի կառուցմանը, մսուր մանկապարտեզի շենքի հիմնանորոգմանը, մանկապարտեզի կառուցմանը, Ալավերդի համայնքում երթուղային ցանցի սպասարկման համար ավտոբուսների ձեռքբերմանը, գազատարի կառուցմանը և այլն:
Ինչ վերաբերում է մասնակցային բյուջետավորմանը, Խուդաթյանը նշեց, որ ծրագիրն առաջին տարվա ընթացքում եղել է պասիվ, իրազեկման արշավից հետո մասնակցայնությունը բարձրացել է: Նաև պատմեց, որ կան գյուղեր, որոնք պայմանավորվում են՝ մի տարին մի գյուղի ծրագրին կողմ քվեարկել, մյուս տարին՝ մյուս:
«Ուզում եմ հավաստիացնել, որ ծրագիրը սկսել է աշխատել: Առնվազն պատկերը և ակտիվությունն ավելի լավն են, քան նախորդ տարի»,- ասաց նախարարը:
Փաշինյանն ընդգծեց՝ կարիք ունի երաշխիքների, որ ծրագիրն իրոք մասնակցային է. «Այս ծրագրի նպատակն այն է, որ քաղաքացիները մասնակցեն: Այնպես չէ, որ եթե քաղաքացիները չմասնակցեին, այս ծրագրերը դուրս էին մնալու: Այստեղ առաջնահերթությունների որոշման խնդիր կա, այդ թվում կոմիտեներում քննարկելիս շատ էական նշանակություն պետք է տրվի, և Կառավարության նիստերին էլ այս հարցերը զեկուցելիս բոլոր տեղեկանքներում պետք է գրվի, թե ամեն ծրագրի քվեարկությանը քանի քաղաքացի է մասնակցել, որպեսզի հասկանանք՝ մասնակցայնության մակարդակը բարձրացնո՞ւմ ենք, թե՞ ուղղակի համայնքի համար և մարզպետարանի համար թղթարարություն ենք ավելացրել, որ պիտի ուշադիր լինեն, թե խորագիրը որ վերնագրի ներքո է գրվում: Այսինքն՝ մեխանիզմներն անպայման պետք է ունենանք»:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ քվեարկությունն էլեկտրոնային հարթակում է իրականացվում, իսկ կառավարության ծրագրերին առնչվող քվեարկությունները պետք է արդար լինեն, իրական, ոչ թե թվեր գեներացվեն:
«Մի իքս պահից մենք թվայնացման արդյունքում նաև պետք է այստեղ փորձարկենք նույնականացման քարտերով քվեարկելու համակարգերը, տեսնենք՝ դա ինչքանով է աշխատում»,- ասաց նա:
Փաշինյանը թվարկեց նաև մասնակցային բյուջետավորման շրջանակում ֆինանսավորվող ծրագրերը, որոնց թվում նախատեսվում է մի քանի համայնքներում երեխաների համար ֆուտբոլի դաշտի կառուցում, վերականգնում, էքսկավատոր-բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերում, խաղահրապարակի կառուցում, այգու վերակառուցում և այլն: