Այսօր մենք աշխատում ենք ապաշրջափակման ուղղությամբ: Ենթադրում ենք, որ շփումները կինտենսիվանան: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին, թե օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո ինչ աշխատանքներ են իրականացվում:
«Այսօր արդեն կա, առաջիկայում էլ կինտենսիվանան ամերիկյան գործընկերների հետ շփումները՝ հասկանալու [աշխատանքները] հայ-ամերիկյան համատեղ երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված (հիշում եք՝ ասել ենք, որ ոչինչ համաձայնեցված չէ, բացի այն ամենից, ինչ գրված և հրապարակված է, հետևաբար բազմաթիվ տեխնիկական պայմաններ կան, որ պիտի դեռ բանակցվեն):
Մեր շահն է՝ հնարավորինս արագ իրականացնել գործընթացը և հնարավորինս արագ հասնել ապաշրջափակման, որովհետև, կրկնում եմ՝ մարդիկ միշտ ասում են՝ «Ադրբեջանի անցում Հայաստանով դեպի Նախիջևան», բայց ճիշտ նույն չափով, ճիշտ նույն աստիճանի, նույն պայմաններով մենք ենք ապաշրջափակվում: Ժողովո՛ւրդ ջան, չմոռանանք, ՀՀ-ն է երկու կողմից 30+ տարիներ եղել շրջափակման մեջ, հիմա մենք ենք հնարավորություններ ստանում»,- ասաց նախարարը և հավելեց, որ արվելու է ամեն ինչ, որ վայրկյան առաջ իրականացվեն վաշինգտոնյան պայմանավորվածությունները՝ հիշատակված սկզբունքների ներքո:
«Աշխատում ենք ամերիկյան կողմի հետ: Ադրբեջանական կողմի հետ նորից աշխատում ենք ապաշրջափակման [ուղղությամբ]: Սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել: Դիվանագիտական մարտեր են տարիներ շարունակ միմյանց դեմ վարվել, հիմա ամբողջը պետք է հասկանանք, հղկենք և հստակեցնենք»,- ասաց նա: