Այն բոլոր հայտարարությունները, որոնց համար հարուցվել է քրեական գործ, առնվազն իմ աչքին ակնհայտ է, որ դրանց շուրջ քրեական գործ հարուցելու հիմք կա, մնացածը դատարանի վճռի տիրույթում է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ լրագրողները պատգամավորին հարցեր էին ուղղում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ:
«Երկու ամիս է՝ այդ ահաբեկչությունը պլանավորողների փաստաբանական թիմը հնարավորություն ունի բոլոր գործերով ամբողջական ձայնագրությունները հրապարակելու ու այսքան ժամանակ նրանք փաստացի այդքան ձայնագրություններից հրապարակել են ընդամենը մեկի ամբողջականը, որը իրենց վիճակը ի դեպ ավելի է բարդացրել առնվազն իմ աչքին»,- հայտարարեց նա:
Պատգամավորի խոսքով՝ նրանց փաստաբանական թիմը սկզբում հայտարարում էր, թե արհեստական բանականության միջոցով են ստեղծվել ձայնագրությունները, ապա՝ մոնտաժված են:
«Այդ փաստաբաններից ոչ մեկի մտքով ինչի՞ չի անցնում հրապարակել ձայնագրությունների ամբողջական կտորը»,- ասաց նա:
Ալեքսանյանի խոսքով՝ ՀՀ-ն որբի գլուխ չի, որ Լուբյանկայից ուղարկեն Հայաստան, ասեն՝ այնտեղ իշխանություն վերցրու, ու ում մտքով նման բան կանցնի, նա կզգա պետության ձեռքի ողջ ծանրությունը:
«Չի՛ լինելու նման բան»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ: