Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց ներկայացված փաթեթը հանրակրթության ոլորտում միասնական ստանդարտների սահմանման, նաև դրանց կիրառման ուղղությամբ:
«Այս օրենսդրական փաթեթով մենք առաջարկում ենք դպրոցների համար սահմանել մեկ լիազոր մարմին, որը կրթության ոլորտի լիազոր մարմինն է, այլ խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը»,- ասաց Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ դպրոցների բովանդակային կառավարումը՝ որպես լիազոր մարմին, կիրականացվի ԿԳՄՍՆ-ի կողմից, իսկ ինչ վերաբերում է վարչատնտեսական գործառույթներին, կշարունակեն համագործակցել մարզպետների աշխատակազմերի, իսկ Երևանում՝ քաղաքապետարանի հետ:
Այս պահին դպրոցների մեծ մասը, ըստ նախարարի, չի գործում նախարարության լիազորությամբ:
«Մենք տեսնում ենք, որ սա նաև քաղաքականության միասնական իրականացման տեսանկյունից առաջ է բերում մի շարք խնդիրներ, և կարծում եմ՝ մեկ լիազոր մարմնի առկայությունը հնարավորություն կտա, որպեսզի այս անհարթությունները և իրացման գործընթացում առաջացող հարցերը շատ ավելի պակաս լինեն»,- նշեց Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ իրենք ոչ թե նախատեսում են, որ գործառույթները մեխանիկորեն կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարությանը, այլ այդտեղ նախատեսվում է ամբողջական բարեփոխում, որը հատկապես ունենալու է թվայնացման մեծ կտոր:
«Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ սկսված են: Նախատեսում ենք, որ այս մոտեցմամբ կկարողանանք լրացուցիչ ջանքեր ներդնել այն ուղղությամբ, որ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն տեղում, համայնքները դրա համար լավագույն միջավայրն են, լուծվեն տեղում, իսկ այն բոլոր հարցերը, որոնք ունեն համակարգման և կենտրոնացման խնդիր, լինեն միասնական մեկ խողովակով և առաջ չբերեն որևէ այլ տարընթերցում»,- հայտնեց նախարարը: