Հազարամյակների պատմության քառուղիներում՝ Շիրակի երկրագիտական թանգարանում, ուր հին քարե դարի՝ 500 հազար տարվա վաղեմության եզակի նմուշներից մինչև ուշ միջնադարի խեցեգործական գտածոները, ամենահին զարդերն ու երաժշտական գործիքները, 2000 տարվա հնության ապակեղենն է հիացնում, առանձնակի զարմացնում են մամոնտի հիանալիորեն պահպանված մնացորդները, որոնք 700 հազար տարվա վաղեմության են, ոգևորում՝ Անդրանիկի հայտնի ժամացույցն ու նույն ժամանակաշրջանի մաուզերները։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Մերուժան Մինասյանի, գիտաշխատողների ուղեկցությամբ այսօր շրջել է թանգարանում, ծանոթացել պահվող եզակի, թանկագին ցուցանմուշներին, գտածոներին, լսել դրանց հայտնաբերման պատմությունները։
«Ամեն մի գտածոն առանձնակի հետաքրքրությամբ եմ նայում, առանձնակի ոգևորությամբ ծանոթանում դրանց պատմությանը, Շիրակի դաշտավայրը հնագույն պատմություն ունեցող տարածաշրջան է, այս մասին են վկայում մեր թանգարանում պահվող նմուշները։ Ցավալի է, որ ցուցանմուշներն անմատչելի են հասարակության համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկրագիտականի շենքային պայմաններին, քննարկվել են խնդրի լուծմանն առնչվող մոտեցումները և առաջիկա անելիքները։