Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ առաջարկվում է գործող օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու վերաբերյալ կարգավորումները:
Առաջարկվում է նաև կանոնակարգել ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարաբերությունները:
«Նպատակն է պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնել ավելի թիրախային և հիմնավորված, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում այդ միջոցներն օգտագործել ակադեմիայի կարիքների բավարարման և կարողությունների զարգացման համար»,- ասել է Տիգրան Դադունցը:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ կոչ անելով կողմ քվեարկել: