Խորհրդարանը քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության II բաժնի 6-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի N 13 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016-2025 թթ. ժամանակահատվածի համար ծրագրի կատարման ապահովմամբ:
Ծրագիրը Եվրասիական տնտեսական միության միասնական տրանսպորտային տարածքի, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և անդամ պետությունների կողմից ավտոտրանսպորտային ծառայությունների տրամադրման փուլային ազատականացմանն ուղղված գործընթաց է:
Անդամ պետությունների միջև արտաքին տնտեսական կապերը ապահովվում են տրանսպորտի գործնականապես բոլոր տեսակներով, ընդ որում՝ ավտոմոբիլային տրանսպորտը կարևոր դեր է խաղում բեռների փոխադրման գործընթացում և ապահովում է անդամ պետություններում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի 80 տոկոսից ավելին՝ սպասարկելով տնտեսության բոլոր ոլորտները:
ԵԱՏՄ տարածքում ինտեգրումը խորացնելու և անդամ պետությունների տարածքներում գրանցված փոխադրողներին Միության ամբողջ տարածքում առանց թույլտվությունների բեռների միջպետական ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելու, այդ թվում՝ կաբոտաժային փոխադրումների փուլային ազատականացումը Միության շրջանակներում տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթաց է:
Փաստացի ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն լիարժեք կանոնակարգված չէ Միության կաբոտաժային փոխադրումների ազատականացման ծրագիրը: Գործընթացի իրականացման համար մշակվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են, որ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային փոխադրումներ: Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից:
Ծրագրի նպատակը Միության շրջանակներում ավտոտրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորումն ու Միության անդամ պետությունների փոխադրողների համար Միության ամբողջ տարածքում, քաղաքացիությունից և գրանցման պետությունից անկախ, ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների հասանելիության դյուրինացումն է:
«Կաբոտաժային փոխադրումների ազատականացումը ակնկալում է միջազգային փոխադրումների ընդհանուր ծավալում բեռնատարների դատարկ վազքի կրճատում, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման ծախսերի նվազեցում, ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրում իրականացնելու կարգի խախտումների քանակի նվազեցում, բեռների միջպետական փոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցում»,- ասաց Սիմոնյանը: