ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ «վերջին նախազգուշացումն» է արել ՀԱՄԱՍ-ին՝ հրադադարի առաջարկն ընդունելու համար: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իսրայելն արդեն համաձայնել է դրա պայմաններին: Առաջարկն, ըստ տեղեկությունների, կիրակի պաղեստինյան շարժմանն է ուղարկել ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը:
Թրամփը չի մանրամասնել, թե ինչ պայմանների մասին է խոսքը, բայց ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել, որ Վաշինգտոնը երաշխավորում է Իսրայելի ռազմական գործողության դադարեցում՝ բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակման դիմաց: Ներկայումս Գազայում կա 48 պատանդ, բայց նրանցից միայն մոտ 20-ն են համարվում ողջ մնացած:
Իսրայելի իշխանությունները համաձայնում են բանտից ազատ արձակել մոտ 3000 պաղեստինցի բանտարկյալի:
Եթե առաջարկն ուժի մեջ մտնի, Իսրայելի պաշտպանության բանակը չի մնա իր ներկայիս դիրքերում և, հավանաբար, կվերախմբավորվի հրադադարի ընթացքում: Բացի այդ, ՑԱՀԱԼ-ը կհրաժարվի Գազա քաղաքը գրավելու գաղափարից և կմնա դրա սահմաններից դուրս»։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարությանը Գազայի հատվածի վերաբերյալ՝ նշելով, որ պատրաստ է քննարկել բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումը։
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ նշվում է, որ շարժումը «պատրաստ է անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու բոլոր գերիների ազատ արձակման հարցը՝ պատերազմի դադարեցման, զորքերի ամբողջական դուրսբերման և Գազայի հատվածը կառավարելու համար պաղեստինցիների անկախ կոմիտեի ստեղծման վերաբերյալ հստակ հայտարարության դիմաց»։