Ինչպես նախկինում հայտնել էինք, մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը, որում ներգրավված են Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերից արվեստասեր փոքրիկներ, ովքեր տարբեր սոցիալ-տնտեսական կամ աշխարհագրական պատճառներով չունեն ակտիվ մասնակցության մշակութային կյանքին։

Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանն ու ծրագրի ղեկավար Անի Թովմասյանը հանդիպում ունեցան այն 52 մասնակիցների ծնողների հետ, ում շարադրությունները մոտ 1 շաբաթ առաջ դիտարկվել և ընտրվել էին հիմնադրամի աշխատակիցների և ծրագրի գործընկերների կողմից:

Հանդիպման ընթացքում ծնողներին ներկայացվեց ծրագրի նպատակը, կառուցվածքը և սպասվող մշակութային կանգառները, որոնք երեխաները կանցնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Քննարկվեցին կազմակերպչական մանրամասները, իսկ հետո ստորագրվեցին համաձայնագրեր՝ մասնակցությունը հաստատելու համար։
Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, դիմելով ծնողներին, շեշտեց ծրագրի կրթական նշանակությունը` հիշեցնելով, որ այն ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր ծրագրերի առաջնահերթությունն է:
«Պիտի խնդրեմ՝ հետևողական լինեք ծրագրի ընթացքին, քանի որ այն միայն այցելությունների շարք չէ։ Յուրաքանչյուր այց ուղեկցվելու է կրթական, ուսուցողական բաղադրիչով։ Ծրագրի սկզբում և վերջում երեխաները կլրացնեն փոքրիկ հարցաթերթիկներ՝ իրենց գիտելիքների և տպավորությունների վերլուծության համար։ Սա մեզ կօգնի գնահատել ծրագիրի արդյունավետությունը և երեխաների ներգրավվածության աճը»։
Նա նաև հայտարարեց, որ ծրագրի պաշտոնական բացումը և առաջին այցելությունը տեղի կունենան սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, որին կհաջորդեն բազում բացահայտումներ ինչպես Հայաստանի այնպես էլ բարեկամ երկրների մշակույթների վերաբերյալ` նպաստելով երեխաների բազմակողմանի զարգացմանն ու մտահորիզոնի ընդլայնմանը:
Հանդիպումից հետո տիկին Թօփալաքեանը առանձին քննարկում անցկացրեց նաև ուղեկցողների, ուսուցիչների և մարզպետարանի ներկայացուցիչների հետ՝ տեխնիկական և կազմակերպչական ընթացակարգերը ճշգրտելու և համատեղ լուծումներ ապահովելու համար։
Առջևում` վառ և տպավորություններով լի մշակութային ճամփորդություն է: