Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ ուժեղացուցիչներից և բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը, վերասարքավորված կամ լրացուցիչ տեղադրված խլացուցիչների ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաև դժվարացնել շչակների ձայնը լսելը, արձագանքելն արտակարգ տրանսպորտային միջոցների ազդանշաններին և երթևեկել:
Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
Նախաձեռնությունը ներկայացրել է օրինագծերի համահեղինակ Սերգեյ Բագրատյանը:
Հասարակական անդորրը չխախտելու, աղմուկի աղտոտում չառաջացնելու նպատակով հեղինակներն առաջարկում են արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների տեղադրումը՝ դրանցից հնչող բարձր երաժշտությունն արգելելու համար, ինչպես նաև արգելել տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը:
Միաժամանակ, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել վարչական տույժ՝ օրենքը խախտելու դեպքում քաղաքացիների նկատմամբ կիրառելու համար:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մտքերի փոխանակության ընթացքում նախաձեռնության համահեղինակ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, որ այն բոլոր մեքենաներում, որոնցում կհայտնաբերվի հավելյալ բարձրախոս կամ ազդանշանային համակարգ, այդ ամբողջը ոստիկանության կողմից կառգրավվի, և օրինախախտ քաղաքացիների նկատմամբ վարչական տուգանք կսահմանվի:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ելույթ ունեցող պատգամավորները ողջունել են օրենսդրական նախաձեռնությունը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ, որոնց նպատակն առավել խիստ տույժեր կիրառելն էր:
Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: