ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած օրենսդրական փաթեթը վերաբերում է հարկերի խուսափմամբ՝ առանց ակցիզավորման և դրոշմավորման ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակներն օտարելուն: Նպատակն է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներն օտարելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենգրքում սահմանված պատասխանատվության շրջանակում որոշակիացնել խախտում համարվող արարքները և ավելացնել գործող տուգանքների չափերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխությունները և լրացումներն ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Նարեկ Ղահրամանյանը:
Առաջարկվում է իրացման նպատակով կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանել:
Ներկայացնելով հիմնական փոփոխությունները՝ հեղինակը պարզաբանել է, որ օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ պահելը, տեղափոխելը, ձեռք բերելը կամ օտարելը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ օտարման գներով չի գերազանցում տասը հազար դրամը, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում՝ հիսուն հազար դրամն առաջացնելու է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:
Ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքն օտարման գներով 10.000 դրամից 100.000 դրամ է, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում՝ 50.000 դրամից մինչև 300.000 դրամ է, առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Օրենսդրական փաթեթի այլ կարգավորումները՝ այստեղ:
Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ Կառավարությունը խմբագրական առաջարկներ է ներկայացրել և հավելել՝ գործադիրը կողմ է օրենսդրական առաջարկին: