Խորհրդարանը քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՔՕ 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, Ռազմական ոստիկանության (ՌՈ) իրավասություններում հստակեցվում է ՌՈ գործունեությունը ոչ միայն հանցավորությունները կանխելիս և խափանելիս, այլև հայտնաբերելիս և բացահայտելիս:
«Ռազմական ոստիկանությանը իրավասություն է վերապահվում աջակցել զինվորական կոմիսարիատներին քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորի պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում, ՌՈ-ին լիազորվում է ապահովելու քրեական վարույթն իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը և ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու և դրանց մասնակցությունն ապահովելու նպատակով»,- ասաց Սարգսյանը:
Սարգսյանը տեղեկացրեց՝ օրենքների նախագծերը արժանացել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:
Այսպիսով՝ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու և մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաև ռազմական ոստիկանության խնդիրները և լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը: