Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակն է բարելավել պետական գույքի օգտագործման գործող համակարգը, որը հնարավորություն է տալիս պետական և համայնքային մարմիններին պետական գույքը երկարաժամկետ օգտագործման տրամադրել անհատույց հիմունքներով:
«Այս մոդելը սահմանափակում է արդյունավետության բարձրացման հնարավորությունները: Նախագծով առաջարկվում է գույքի անհատույց տրամադրման համակարգը փոխարինել վարձակալության վրա հիմնված մոդելով, ինչը թույլ կտա ապահովել պետական գույքի օգտագործման հստակ և թափանցիկ հաշվառում, ապահովել, որ պետական մարմինները զբաղեցնեն միայն այն տարածքները, որոնք անհրաժեշտ են իրենց գործառույթների իրականացման համար, ստանալ պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր չօգտագործվող գույքի վարձակալության դիմաց, ամրապնդել պետական գույքի պահպանման և օգտագործման նկատմամբ պատասխանատվությունը»,- ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ստեղծել պետական գույքի օգտագործման միասնական և կանխատեսելի համակարգ, կնպաստի պետական ֆինանսների կայունությանը, կառավարման թափանցիկությանը և հաշվետվողականությանը:
Ավետիսյանն ընդգծեց՝ խոսքը բոլոր պետական մարմիններին, պետական և առևտրային կազմակերպություններին տրամադրված գույքի մասին է:
«Բոլոր գույքերը, որոնք տրամադրվել են անհատույց օգտագործման սկզբունքով, այսուհետ օրենքի ընդունումից հետո աստիճանաբար անցում են կատարելու վարձակալական հիմունքներին: Արժեքը սկզբնական շրջանում որոշվելու է շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկվող բանաձևով, այնուհետև մեր նպատակն է լինելու աստիճանաբար մոտեցնել արժեքները շուկայական արժեքներին, որպեսզի տարբերություն չլինի՝ գույքը տրամադրում ենք պետական մարմնին, թե մասնավորին»,- պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշեց՝ նախատեսվում է, որ մինչև 2027 թվականը արդեն բոլոր ենթաօրենսդրական ակտերը և նախապատրաստական աշխատանքները ավարտված կլինեն, և 2028-ի բյուջեով արդեն կնախատեսվեն համապատասխան գումարները տարածքների վարձակալության նպատակով:
Ինչ վերաբերում է պետական գույքի հաշվառված քանակին՝ հայտնեց՝ խոսքը 10 հազարից ավելի գրանցված միավոր գույքի մասին է խոսքը: