ՀՀ պետական օրհներգի հնչունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 26 և 27 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածուներ Էսթեր Այվազյանին և Վանիկ Օհանյանին:
Նորընտիր պատգամավոր Էսթեր Այվազյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Շնորհակալ եմ»:
Սիմոնյանը տեղեկացրեց՝ իրենց մյուս գործընկերը՝ Վանիկ Օհանյանը, այս պահին դահլիճում չէ: