Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր հյուրընկալել է Դիակոնիա բարեգործական հիմնադրամի ղեկավար Բարույեր Ջամբազյանին, հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանին, հոլանդական ծրագրերի ղեկավար Հայկուհի Մելքոնյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև բժիշկներ Հոլանդիայից, դոնոր կազմակերպություն հանդիսացող «Մենսենքինդերեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ռենե Հանսմանը: Այս մասին տեղեկացնում են Անիի համայնքապետարանից։
Նախ քննարկվել են ավելի քան 1 տարի շարունակվող փոխգործակցության արդյունքները, այնուհետև զրուցակիցները խոսել են իրականացվող տնայցերի ու հետագա համագործակցության մասին: Երկուստեք կարևորվել են համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների հետ իրականացվող ծրագրերը:
Դիակոնիա բարեգործական հիմնադրամ -ի ներկայացուցիչները բարձր են գնահատել համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի պատրաստակամությունն ու որդեգրած աշխատաոճը և շնորհակալութուն հայտնել համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցներին՝ սերտ և արդյունավետ համագործակցության համար: Այնուհետև ոլորտի պատասխանատուներն ու հյուրերը տնայցեր են կատարել Անիպեմզա և Սարակապ բնակավայրերի, ինչպես նաև Մարալիկի սոցիալական թաղամասում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին: Նրանք հանդիպել են անեցի շահառուների հետ, լսել նրանց խնդիրները: