Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան օրինական թիրախ կհամարի Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած ուժեր: Պուտինի խոսքով՝ առայժմ ոչ ոք Ռուսաստանի հետ լրջորեն չի քննարկել անվտանգության երաշխիքները: Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայմանը, ապա կայուն խաղաղության համաձայնագրից հետո, Պուտինի խոսքով, դրա կարիքը չի լինի: Կրեմլի ղեկավարը նաև նշել է, որ պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումների, սակայն դրա իմաստը չի տեսնում: «Առանցքային հարցերի շուրջ Կիևի հետ պայմանավորվելը գրեթե անհնար է»,- նշել է նա: Միևնույն ժամանակ Պուտինը կարծիք է հայտնել, որ Մոսկվան լավագույն վայրն է բարձր մակարդակով Ուկրաինայի հետ հանդիպման համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապահովի նման հանդիպման անվտանգությունը: Ուկրաինական կողմը մերժել է նման հնարավորությունը, նշելով, որ յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Զելենսկի-Պուտին հանդիպումը:
Համաժողովի ընթացքում Պուտինը նաև անդրադարձել է «Սիբիրի ուժը» գազատարի կառուցմանը, որը Մոնղոլիայի տարածքով պետք է գազ մատակարարի Չինաստանին, Վլադիմիր Պուտինը նշել է՝ դա ձեռնտու է և՛ Մոսկվային, և՛ Պեկինին: Մոնղոլիայի վարչապետն իր հերթին նշել է, որ երկիրը մեծ նշանակություն է տալիս այս նախագծին և ցանկանում է ոչ միայն հանդիսանալ տարանցիկ երկիր, այլև գազ գնել Ռուսաստանից: «Սիբիրի ուժը» խողովակաշարով նախատեսվում է տարեկան 50 միլիոն խորանարդ մետր գազ տեղափոխել:
Պուտինը, միևնույն ժամանակ, հայտնել է, որ Ռուսաստանում կարող է գազի դեֆիցիտ լինել՝ չնայած 60 տրիլիոն խորանարդ մետր ծավալով պաշարներին: Նա առաջարկել է անցնել ածխի, որի պաշարները, նրա խոսքով, կբավականացնեն շուրջ 1000 տարի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան