Վերջին տարիներին պետական համապատասխան քաղաքականության շնորհիվ Հայաստանում էապես ավելացել է էլեկտրամոբիլների քանակը, ինչով պայմանավորված, նույն քաղաքականությանը համահունչ առկա է դրանց լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակության ապահովման և գործընթացի դյուրացման անհրաժեշտություն: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Էլեկտրամոբիլների լիցքավորումն էներգետիկայի բնագավառում կարգավորման և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ. անձինք ազատ են վերաբերելի այլ օրենսդրական ակտերի պահպանմամբ մատուցելու այդ ծառայությունը»,- ասել է հիմնական զեկուցողը՝ ընդգծելով, որ գործող «Էներգետիկայի մասին» օրենքում չկա այդ մասին հստակ դրույթ:
Նշվել է, որ այս առնչությամբ հատկապես բազմաբնակարան շենքերում բնակվող անձանց համար առկա են էլեկտրամոբիլների լիցքավորման բարդություններ: Մասնավորապես, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրենց ավտոկայանատեղիում լիցքավորելու ավտոմեքենան, պետք է դիմեն էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություն մատուցող անձին՝ այդ ավտոկայանատեղիի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու համար, ապա կնքեն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր՝ սպառման այդ կետի մասով ևս դառնալով առանձին բաժանորդ:
«Նշվածը ծախսատար և ժամանակատար գործընթաց է, որի անհրաժեշտությունը հաճախ պարզապես բացակայում է, քանի որ անձանց բնակարանների՝ արդեն իսկ ցանցին միացված սպառման համակարգերի հզորությունը հիմնականում բավարար է թե՛ բնակարանի էլեկտրամատակարարման ապահովման, թե՛ էլեկտրամոբիլի լիցքավորման համար»,- մանրամասնել է Ծովինար Վարդանյանը:
Առաջարկվող կարգավորմամբ հստակ հնարավորություն կստեղծվի սպառողի համար իրեն մատակարարված էլեկտրաէներգիան սպառել նաև սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում:
Հաջորդ առաջարկվող փոփոխությամբ ինքնավար էներգաարտադրողների համար հնարավորություն կստեղծվի նույն կարգավիճակն ունեցող մյուս անձանց հետ հավասար պայմաններով մասնակցել էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկային՝ խթանելուվ էլետրաէնեգետիկական շուկայում մրցակցությունը և ընդլայնելով դրա մրցակցային հատվածում առևտրի մասնակիցների շրջանակը:
Նշված կարգավորումների ամրագրման արդյունքում կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը, և սպառողների համար կհեշտացվի գործընթացը:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:
Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն: