ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները միաձայն հաստատել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) մանդատը երկարաձգող բանաձևը, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։
Բանաձևում նշվում է, որ «ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը վերջին անգամ կերկարաձգվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը և ժամկետը լրանալուց հետո առաքելությունը Լիբանանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ կսկսի անձնակազմի կարգավորված և անվտանգ դուրսբերման գործընթացը»։ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը պետք է ավարտվեր այս տարվա օգոստոսի 31-ին։
ՅՈՒՆԻՖԻԼ-ը ստեղծվել է 1978 թվականին՝ հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումը վերահսկելու համար։ Խաղաղապահների առաքելությունը հետագայում ընդլայնվել է 2006 թվականին Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև տեղի ունեցած ռազմական հակամարտությունից հետո։
Ներկայումս առաքելության կազմում 10800 խաղաղապահ կա՝ 47 երկրից։