Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ոչ լեգիտիմ լինելու մասին Ռւսաստանից հնչող հայտարարություններն անհեթեթություն են, նման խոսքերը պետք չէ լուրջ ընդունել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 26-ին, երբ Սպիտակ տանը լրագրողը հիշատակել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ մի քանի օր առաջ ասված խոսքը, որ Մոսկվան Զելենսկուն չի համարում հնարավոր խաղաղության համաձայնագրի հնարավոր օրինական ստորագրող:
ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ ցանկանում է արագ ավարտել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, քանի որ այնտեղ «հազարավոր մարդիկ» շարունակում են զոհվել ամեն շաբաթ: Թրամփը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու հնարավոր եղանակներից է համարել «ոչ թե համաշխարհային պատերազմը, այլ՝ տնտեսական պատերազմը»: «Դա վատ կլինի Ռուսաստանի համար։ Բայց ես դա չէի ցանկանա»,- խոստովանել է նախագահը:
Թրամփը քննադատել է նաև Ուկրաինայի նախագահին։ «Զելենսկին նույնպես լիովին անմեղ չէ։ Տանգոյի համար երկու հոգի է պետք»,- ասել է նա։ Թրամփը հավելել է, որ ներկայումս լավ հարաբերություններ ունի իր ուկրաինացի գործընկերոջ հետ, քանի որ Վաշինգտոնը դադարեցրել է Կիևին անվճար զենք տրամադրել: