Ռուս-ուկրաինական պատերազմին է անդրադարձել Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ այն վերածվել է անձնային հակամարտության և շատ բարդ է կարգավորել: «Տեսնենք՝ ինչ կլինի առաջիկա 2 շաբաթում: Բայց եթե նրանք չհանդիպեն, հետևանքներ կլինեն»,- Հարավային Կորեայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը տեղեկացրել է, որ դեռևս չի քննարկել Ուկրաինայի համար անվտանգության հստակ երաշխիքների հարցը, սակայն դրանք պետք է տրամադրի եվրոպական կողմը, իսկ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել։
Խոսելով Գազայի հատվածում իրավիճակից՝ Թրամփը կարծիք է հայտնել, թե հակամարտությունը «համոզիչ ավարտ» կստանա առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Հարցին՝ արդյոք տեղյակ է, որ վերջին ժամերին իսրայելական ուժերը հարվածել են Գազայի հիվանդանոցներից մեկին, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել և զոհվել, այդ թվում՝ լրագրողներ, Թրամփը պատասխանել է՝ գոհ չէ, որ նման բան է տեղ ունեցել: «Այնուհանդերձ, ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդները պետք է վերադարձվեն»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև մտահոգություն է հայտնել Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև լարվածությամբ: «Կաշխատենք այդ հարցով: Կարող ենք կողմերի միջև գագաթնաժողով անցկացնել»,- առաջարկել է ԱՄՆ նախագահը: Թրամփը հավելել է՝ կցանկանար այս տարի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։ Նա նշել է, որ հաճախ տարբեր հարցերով շփվում է Կիմ Չեն Ընի հետ: Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպման արդյունքներով Թրամփը նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնին և Սեուլին հաջողվել է առևտրային գործարք կնքել: