ԱՄՆ նախագահը Եվրամիությանը նորից սպառնում է մաքսատուրքերով: Առևտրային համաձայնագրի ստորագրումից մեկ ամիս անց Դոնալդ Թրամփը խոստացել է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք, իր կարծիքով, խտրական միջոցներ են ձեռնարկում ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների նկատմամբ, գրում է Euronews-ը:
Խոսքը թվային շուկաների և թվային ծառայությունների վերաբերյալ համաեվրոպական օրենքների մասին է, որոնք, ի թիվս այլ բաների, ուղղված են ազատ և արդար մրցակցությանն աջակցելուն, գրում է Euronews-ը:
Եվրոպական հանձնաժողովը չի թաքցրել, որ ամերիկյան կողմի այս հայտարարությունն անսպասելի էր: «ԵՄ-ն և նրա անդամ պետություններն ինքնիշխան իրավունք ունեն իրենց տարածքում տնտեսական գործունեությունը կարգավորել այնպես, որ այն համապատասխանի մեր ժողովրդավարական արժեքներին։ Եվ այդ պատճառով էլ այս հարցը չի քննարկվել ԱՄՆ-ի հետ մեր համաձայնագրում»,- գրել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյոն։
Եվրահանձնաժողովը հակամենաշնորհային հետաքննություններ է անցկացնում մի շարք ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների հսկաների նկատմամբ, մինչդեռ այդ կորպորացիաների բարձրագույն ղեկավարությունը, ըստ դիտորդների, ավելի ու ավելի է մտերմանում Թրամփի հետ։
Եվրահանձնաժողովը վստահեցնում է, որ իր կանոնակարգերը հատուկ ուղղված չեն ամերիկյան ընկերություններին և ընդգծում է, որ դրանք վերաբերում են Եվրոպայում գործող բոլոր կորպորացիաներին:
ԱՄՆ նախագահը, սակայն, կարծում է, որ եվրոպական օրենքները կհանգեցնեն Չինաստանի գերիշխանությանը շուկայում։