Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը Մասուդ Փեզեշքիանին տեղեկացրել է Ալյասկայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների հիմնական արդյունքների մասին: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ձեռնարկվող դիվանագիտական ջանքերին՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:
Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հաստատել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական փոխգործակցության հետագա զարգացման տրամադրվածությունը և պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովում: