Վոլոդիմիր Զելենսկին Պետական դրոշի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան իր «հողերը չի նվիրի» Ռուսաստանին:
«Ուկրաինայի դրոշը նպատակ ու երազանք է ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնվող մեր ժողովրդի համար: Մարդիկ պահպանում են այդ դրոշը, քանի որ գիտեն՝ մենք մեր հողերը չենք նվիրի օկուպանտին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Միևնույն ժամանակ, NBC News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան նշել է, որ Զելենսկին պատրաստ է քննարկել ուկրաինական տարածքների հարցը, սակայն դա հնարավոր է միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Պաշտոնյան հավելել է, որ նախագահ Զելենսկին տարածքների հարցում առաջնորդվում է ինչպես Ուկրաինայի գործող օրենսդրությամբ, այնպես էլ հասարակական կարծիքով։ Նրա խոսքով՝ ուկրաինական հասարակությունը կտրականապես դեմ է տարածքը խաղաղության հետ փոխանակելուն:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ հայտարարել էր, որ Կիևը կարող է որոշ ժամանակով ճանաչել Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունն օկուպացված ուկրաինական տարածքների նկատմամբ, բայց դե յուրե չի համաձայնի դրան։